ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Մարգարյան, փաստորեն, Դուք կարծում եք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս նման է Իվանիշվիլուն:
-Այո, և դա խիստ օբյեկտիվ գնահատական է: Իվանիշվիլին կարողացավ կոնսոլիդացիա, համերաշխություն ստեղծել կուսակցությունների, կազմակերպությունների, քաղաքական ուժերի միջև. նույն բանը կարող է ԲՀԿ-ն անել` հայաստանյան չորս ուժերի հետ և հասնել լուրջ փոփոխությունների:
-Կարծում եք` կհաջողվի՞:
-Այո, կարծում եմ, որովհետև հասարակության կոնսոլիդացիան արդեն իսկ տեղի է ունեցել:
-Չի՛ ունեցել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն ուզում քաղաքական ուժերի հետ «խաղալ»:
-ՈՒզո՛ւմ են: Չի ուզում ձեր սայթը, չի ուզում իշխանություններին:
-Մեր ո՞ր սայթը, Ֆեյսբո՞ւքը նկատի ունեք:
-Չէ, չէ, չէ, 1in.am-ը։ Դուք նրանց համար եք գրում, չէ՞:
-Չգիտեի՜… «Օբիժա՜յետե»: Ես «Իրատես de facto»-ի Կարմեն Դավթյանն եմ։ «Օչեն պրիյատնո, ցար»:
-Դուք չե՞ք աշխատում 1in.am-ում:
-Էդպես էլ երևի քաղաքականություն եք անում, էդքան էլ, երևի, Ծառուկյանն է նման Իվանիշվիլուն:
(Ծիծաղո՜ւմ է` սրտաբուխ ու շատ անկեղծ- Կ. Դ.):
-Ֆրոյդ չէ, սակայն ենթագիտակցությունը ծանր ուսմունք է, երևի բոլորը Ձեր աչքին 1in.am են երևում, չնայած այդ կայքի մատրիցան կապված է ինձ հետ, փաստորեն, Ձեր երրորդ` հոգևոր աչքն էլ է «բաց», բայց անցնենք առաջ: Տա Աստված, որ «չորսի» ֆորմատը կայանա, և այնուհանդերձ, ես Ձեզ բավականին լուրջ մարդ եմ համարում և կարծում եմ՝ գիտեք, որ ամեն համեմատություն «քյառ, քոռ, քաչալ» է լինում, իմա` մի քիչ կաղում է: Այսպիսով, անկեղծ հարց` պարոն Մարգարյան, Դուք հավատո՞ւմ եք, որ Ծառուկյանը նման է Իվանիշվիլուն. անկեղծ-անկեղծ` հոգևոր աչք ունեցողի չափ:
-Այո: Հավատում եմ:
-Ի՜նչ «հավատացյալ» մարդ եք:
-Եթե ես մի բանի չհավատամ, չեմ կարող Ձեզ համոզել:
-Համոզե՞լ եք արդեն:
-Այո: Եվ դա իրականությունն է:
-Դե, որ ասում եք: Եվ ուրեմն, այս պահից սկսած` ես ու Դուք հավատում ենք, որ Գագիկ Ծառուկյանը գալու և փրկելու է հայ ժողովրդին այս ծանր, ավտորիտար, գաղջ վիճակից:
-Այո, չորս ուժերի այսօրվա միասնականությունը դա է ապացուցում, ինչքան էլ Դուք չուզեք: Չարժե այդքան չուզող լինել լավ բաների նկատմամբ:
-Իսկ ես, օրինակ, համոզված եմ, որ իմ ուղղամտությամբ Գագիկ Ծառուկյանին ավելի շատ օգուտ եմ տալիս, ավելի շատ եմ «սիրում» նրան, քան իր կողքին եղած մնացածները կարծես:
-Խոսքն անձի մասին չէ. Գագիկ Ծառուկյանն այնքա՜ն իրեն սիրողներ ունի, ի սեր Աստծո, շատ շատ են դրանք: Դուք պարզապես չեք սիրում լուրջ ուղղությամբ փոփոխությունների գնացող քաղաքական ուժերին:
-Հիմա ի՞նչ` որպեսզի «լուրջ» համարվենք, պետք է պնդենք, որ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլի՞ է:
-Ինքն Իվանիշվիլի չէ, ինքը Գագիկ Ծառուկյանն է:
-Ով նաև ամենաօլիգարխն է այս երկրում:
-Իվանիշվիլին էլ, եթե համեմատում եք, Վրաստանում ամենաօլիգարխն էր: Ի դեպ, ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը մեծ առավելություն ունի Իվանիշվիլու նկատմամբ:
-Ե՞վ:
-Իվանիշվիլին երբեք քաղաքականության մեջ չէր եղել, ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ մտավ պայքարի մեջ:
-Ծառուկյանը քաղաքականության մե՞ջ է:
-Գագիկ Ծառուկյանն արդեն երկրորդ ժամկետով ուղիղ ղեկավարում է ԱԺ ԲՀԿ ֆրակցիան:
-Դուք իրեն ԱԺ-ում տեսած կա՞ք. մենք չկանք. չհաշված երկու-երեք բացառությունը: Ինչո՞ւ նա չի բարեհաճում ժամանել իր իրական աշխատանքի վայր, պարոն Մարգարյան:
-Ես էլ այս պահին դահլիճում չեմ:
-Բայց հո՞ ԱԺ-ում եք:
-Ես չեմ պատասխանում այն հարցերին, որոնք մեր հարցազրույցից դուրս են: Նշեք ևս մեկ մարդու, որը հասարակության նկատմամբ ունի այնքան պատասխանատվություն, որքան Ծառուկյանը:
-Չկա՛:
-Դե, տեսնո՞ւմ եք:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ